Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝  Ֆրանսերենը՝ ամենօրյա հաղորդակցության միջոց

Կատարող՝   Նելլի Ադամյան, Սերո Խանզադյանի անվ․ 184 ավագ դպրոց

Դասավանդած առարկան՝  ֆրանսերեն

Խորհրդատու՝  Յուրա Գանջալյան

                                                             2022

                                     Բովանդակություն

Ներածություն                                                                                  3-4

Գլուխ 1     Դերախաղի նշանակությունը օտար լեզուներ (ֆրանսերեն)

սովորելու գործընթացում                                                              5-9

Գլուխ 2      Ընթերցանությունը ֆրանսերենի հաղորդակցական

կարողությունների զարգացման միջոց                                      10-14                        

Եզրակացություն                                                                               15

Օգտագործված գրականության ցանկ                                          16

                                                      Ներածություն

      Օտար լեզվի (մասնավորապես ֆրանսերենի) դասընթացների կառուցման հիմքում ընկած է լեզվանյութի այնպիսի մոտեցում, որը ելք է ունենում դեպի հաղորդակցության չորս կարողություն՝ լսողական ընկալում, ընթերցանության ընկալում, բանավոր(մենախոսություն) և գրավոր խոսք, փոխազդեցություն։ Օտար լեզվի դասընթացներում կարևորվում է այս չորս կարողությունների հավասարաչափ և զուգահեռ զարգացումը։ Ուսուցման ճիշտ մոտեցման ընտրությունը և օգտագործումը կարևոր նկատառում է բոլոր օտար լեզուների ուսուցիչների համար։ Հաղորդակցական լեզվի ուսուցման (CLT) մոտեցումը կենտրոնանում է սովորողներին իրենց նպատակային լեզվի խոսողների հետ իրական իրավիճակներում հստակ և վստահորեն հաղորդակցվելու հմտություններ տալու վրա։ Որպես այդպիսին, այն հեռանում է քերականության վրա ավանդական կենտրոնացումից՝ խրախուսելով լեզվի ակտիվ և վավերական օգտագործումը ուսուցման և յուրացման մեջ։ Հետևաբար CLT-ն առաջնահերթություն է տալիս փոխգործակցությանը, խնդիրների լուծմանը և սովորաբար ներառում է դասարանային գործողություններ, ինչպիսիք են դերախաղը և զույգերով խմբային աշխատանքը։

     Վերջին տասը տարիների ընթացքում տարբեր ուսումնասիրություններ պնդում են, որ հաղորդակցական խոսքի մոտեցումը պետք է ավելի շատ տեղ գրավի դպրոցական ուսումնական ծրագրում։ Ինչպես նկատվում է Քեմբրիջի աշխատության մեջ, չկարողանալով ներառել ճիշտ խոսքի հմտությունների ուսուցման գործողություններում՝ դպրոցական ուսումնական ծրագրերը վտանգի տակ են գտնվում անարդյունավետ լինելու պատճառով։

      Ինչպես արդեն նշվել է 1983 թվականին գիտնականներ Ջիլիան Բրաունի և Ջորջ Յուլի կողմից «խոսելն այն հմտությունն է, որի վրա ուսանողներին դատելու են իրական կյանքի շատ իրավիճակներում»։ Այս պնդումը չի դադարել լինել ճշմարիտ, թեև այսօր դպրոցական ուսումնական ծրագիրը դեռևս պայքարում է խոսելու հմտություններին և դիսկուրսի ռազմավարություններին ճիշտ տեղ հատկացնելու համար։

      Այս աշխատության նպատակն է ձևավորել ընթերցանական հաղորդակցական կարողություններ, որոնք նշված են օտար լեզվի ուսուցման նոր չափորոշիչներում։ Այն է՝ հասկանալ պաշտոնական և մասնագիտական թեմաներով տարբեր ժանրերի պատկանող տեքստեր՝ ճանաչելով հեղինակի տեսակետը, անելով համապատասխան դատողություններ և եզրահանգումներ։ Մյուս կողմից օտար լեզուների ուսուցման գործընթացում առաջնային է նաև փոխներգործությունը դերախաղի միջոցով՝ ըստ օտար լեզուների առարկայական չափորոշիչների։ Այն է.

  1. Հաղորդակցական տարբեր մասնակիցների դերում հանդես գալ, ընտրել տվյալ (ընտանեկան, աշխատանքային, հանրային միջավայրին համապատասխան լեզվական միջոցները՝ ձգտելով արդյունավետ հաղորդակցության։
  2. Հանդես գալ որպես բանավեճի կողմ՝ քննադատելով կոնկրետ իրադարձության, երևույթի մասին այլ տեսակետները և հիմնավորելով սեփականը։
  3. Գործածել օտար լեզուն՝ բանակցային միջոցներով կոնֆլիկտների հարթման և համագործակցային մթնոլորտի ձևավորման համար։
  4. Բանակցել հավասարակիցների հետ՝ հարթելու աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները և ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ։
  5. Դեմ առ դեմ, ինչպես նաև հեռախոսով բանակցել, պայմանավորվածություններ ձեռք բերել և կարգավորել խնդիրներ տարբեր հաստատությունների հետ։
  6. Քննարկել համամարդկային արժեքների կարևորությունը նաև հակամարտությունների լուծման գործում։

   Այս հետազոտական աշխատանքում բացահայտելու եմ դերախաղի նշանակությանը ֆրանսերեն սովորելու գործընթացում, անդրադառնալու եմ վերջինիս նպատակներին, իրականացման փուլերին։ Ընթերցանությունը դիտարկելու եմ որպես ֆրանսերենի հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց։ Անդրադառնալու եմ ընթերցանության նպատակներին, վերջինիս տեսակներին և ըստ դրա տրվող հանձնարարությունների                                                               Դերախաղի նշանակությունը օտար լեզուներ (ֆրանսերեն)    սովորելու գործընթացում

      Դերախաղը գիտելիքների, հմտությունների ձեռքբերման հետաքրքիր ձևերից մեկն է։ Այն հնարավորություն է տալիս բարդ իրավիճակները հասկանալու և ինքնուրույն գործելու։ Դերախաղի կիրառման ամենալավ տարբերակը կենդանի խաղն է։ Դերախաղը հաճելի իրավիճակների արտացոլում կարող է լինել։ Օրինակ, երբ պատրաստվում ենք դասարանով ճամփորդության գնալ, կարող ենք քննարկել պարտականությունները, գնումները, ով ինչ է անում, ինչ է բերելու։ Ստեղծում ենք իրավիճակ, դերախաղը։

     Դերախաղը խիստ սահմանափակումներ չպետք է ունենա, որպեսզի չխանգարի երեխաներին ավելի ազատ գործելու։ Ցանկալի կլինի, որ սովորողների քանակը շատ չլինի, որպեսզի խումբը նպաստի հանգիստ և ներդաշնակ միջավայրի ստեղծմանը։ Իսկ եթե սովորողների թիվը մեծ է, ապա կարելի է դասարանը բաժանել երկու խմբի՝  մասնակիցների և հանդիսատեսի, այնուհետև սովորողները տեղերով կփոխվեն։

    Դասարանում դերային խաղերի օգտագործումը նպաստում է փորձի ձեռքբերմանը։ Դրանք կարող են լինել հանպատրաստից, չմշակված։ Դերային խաղերի ավարտին կարելի է եզրակացություններ անել, վերլուծել սովորողների վարքագծի դրսևորման պատճառները, քննարկել առավելությունները, թերությունները, նշել, թե ինչ հնարավոր լուծումներ կարելի էր տալ տվյալ իրավիճակում։

     Դերախաղի նպատակն է

•  Զարգացնել սովորողի իմացական գործընթացները (մտածողություն, երևակայություն, ուշադրություն) և հուզակամային ոլորտը (հույզեր, զգացմունքներ…) ստեղծարարությունը։

•  Զարգացնել սովորողի հնարամտությունը, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, աշխատասիրությունը, հետևողականությունը։

•  Ձևավորել իր և իր ընկերների գործունեությունը գնահատելու կարողությունը։•  Զարգացնել անհատական և խմբային աշխատելու կարողությունը։ Միմյանց հարգելու, փոխօգնություն ցուցաբերելու պատրաստակամություն։

     Ըստ իս  ուսուցիչը պետք է խրախուսի դերային խաղերը դասարանում՝ զարգացնելով սովորողների օտար լեզվով հաղորդակցվելու հմտությունները, կարողությունները, բանավոր խոսքը։ Սովորողը պետք է լինի սեփական կրթության ակտիվ դերակատարը։ Մասնակիցը լինելով սեփական ուսումնառության պլանավորման, իրականացման և վերլուծության գործընթացին՝ սովորողը նպատակային սովորում է սովորել։ Դերային խաղը գործնական աշխատանքի այն տեսակներից է, որը լայնորեն տալիս է այդ հնարավորությունը։ Դերային խաղին պետք է վերաբերվել ոչ թե ժամանցի, այլ գործնական բազմափուլ աշխատանքի, որի յուրաքանչյուր փուլ լուծում է կոնկրետ նպատակներ։ Հետևաբար պետք է հանգամանորեն պլանավորել դերախաղը՝ նախապես սահմանելով նպատակ և վերջնարդյունք։

    Առանձնացվում է դերային խաղի երկու տեսակ՝ ուղղորդված և հանպատրաստից՝ դասակարգման հիմքում դնելով սովորողի ակտիվ կամ պասիվ որոշում կայացնելու հանգամանքը։

   Ուղղորդված դերային խաղի արդյունավետությունը ապահովելու համար դրանք պետք է լինեն մանրակրկիտ ծրագրված և լավ ուղղորդված։

   Հանպատրաստից դերախաղի ժամանակ հակառակը. Պետք է ապահովել սովորողների լիակատար ազատությունը։

  Դերախաղերը սովորաբար իրականացվում են երեք փուլով

•  Նախապատրաստման փուլ

•  Խաղի փուլ

•  Անդրադարձի փուլ

    Առաջին փուլում քննարկվում են այն կանոնները, որոնք պետք է պահպանվեն դերախաղի ժամանակ։ Բաժանվում են դերերը, նշանակվում են դիտորդները և ստանում դիտարկման հստակ առաջադրանք։ Դերակատարները կարդում, մտածում են իրենց դերերի մասին։

     Երկրորդ փուլում խաղացողները ստանձնում են իրենց դերերը և կատարում դրանք կախված իրավիճակից՝ կիրառելով ձեռք բերված հմտությունները։ Մյուսները կատարում են իրենց դիտորդական հանձնարարությունը։

    Երրորդ փուլում խաղացողները արտահայտում են խաղի ընթացքում իրենց ունեցած զգացմունքները։ Դիտորդները ներկայացնում են իրենց դիտարկումները։ Հետո խոսվում է դերախաղի ժամանակ կայացրած որոշումների ու գործողությունների մասին և աշխատանքը ամփոփվում է եզրակացություններով։

    Ցանկացած դերախաղի համար կան հստակ կանոններ, որոնց պահպանումը հնարավորություն կտա արդյունավետ աշխատելու և հետագայում ավելի բարելավելու արդյունքները

•  Ակտիվ են խաղի մասնակիցները։ Ուսուցիչը հետևում է ընթացքին, անհարկի չի միջամտում դերախաղին։

•  Դերախաղն ունի հստակ սկիզբ և ավարտ։

•  Դեր ստանձնելու պարտադրանք չկա։

•  Դեր չստանձնած սովորողները ստանում են դիտորդական հանձնարարություն։

•  Անդրադարձի ժամանակ իրականացվում է օբյեկտիվ քննադատություն. Անձնական ագրեսիան և ծաղրը անհանդուրժելի են։

•  Հստակ տարանջատվում են դերակատարը և կերպարը։

   Դերախաղի արդյունավետությունն ապահովելու համար հարկավոր է, որ ուսուցիչը հասկանալի և պարզ ձևակերպի խաղի պահանջները։ Դերերի վերաբերյալ ցուցումները շարադրի այնպես, որ սովորողը անձնական նախաձեռնության հնարավորություն ունենա։ Միաժամանակ այնպիսի պահանջներ դնի, որոնք կնպաստեն դերախաղի միջոցով ուսումնական նպատակին հասնելուն։ Խաղը պետք է ընտրել տարիքային խմբին համապատասխան (թեմա, բառապաշար)։

    Օտար լեզուների ուսուցման ընթացքում գերիշխող է հաղորդակցական ուղղվածությունը։ Այստեղ շեշտը դրվում է լեզվական հաղորդակցության խնդիրների իրականացմանը նպաստող մեթոդների և ռազմավարությունների վրա։ Տիրապետելով երկխոսական կարողություններին սովորողը պետք է հմտանա լսել-խոսել խոսքային գործունեության տեսակների հերթագայության  մեջ։ Այստեղ հստակ նշանակություն է ստանում համապատասխան հաղորդակցական պայմանների (իրադրությունների) ստեղծումը և ռեպլիկների ցուցադրումը։

    10-րդ դասարանի ,,Au restaurant» տեքստի՝ հարստացրեք ձեր գիտելիքները բաժնում, աշակերտները ծանոթանում են Ֆրանսիայի խոհարարական ավանդույթներին և ֆրանսիական խոհանոցից մի քանի բաղադրատոմսերի։ Այստեղ կարելի է կիրառել հետևյալը.

   Ընկերներդ քեզ հյուր են գալու, անհրաժեշտ է նրբաբլիթներ պատրաստել։ Ահա անհրաժեշտ խոհանոցային իրերն ու մթերքները։

   Verre          Sucre

    Fouet          Sel

    Jatte            Farine

   Cueillère     Sucre vanille

   Couteau       Lait

    Rape            Oeufs

    Spatule        Huile

Հարցրու մայրիկին, թե ինչ պետք է անել (մտիր երկխոսության մեջ)։ Ահա համապատասխան գործողություն արտահայտող բայերի խումբը, ընտրի՛ր։

Prendre, mettre, ajouter, casser, verser, mélanger, faire cuire dans le four.

    Կամ օրինակ նույն դասի երկխոսության բաժնում սովորողները ծանոթանում են տարբեր մրգերի և բանջարեղենի անվանումներին և խանութի բաժիններին։ Այստեղ կարելի է դերային խաղ կազմակերպել ,,Au supermarché» (հանրախանութում) վերնագրով։ Դասարանում ստեղծվում է ,,հանրախանութ,, իր տարբեր բաժիններով։ Աշակերտներին տրվում է տարբեր դերեր՝ գնորդ, վաճառող, գանձապահ և այլն։ Աշակերտը պետք է կարողանա հանդես գալ տվյալ դերով կոնկրետ իրավիճակում։ Հետագայում կարելի է դերերով փոխվել և ներգրավել մյուս աշակերտներին։

    Այսպիսով դերային խաղերը նպատակաուղղված են հասարակական-դերային վարքի ձևավորմանը, որը հատուկ է բոլոր լեզուներով հաղորդակցմանը։ Կարևոր է սովորողի ինքնուրույն մտածողության զարգացումը, ինչպես նաև փոխներգործուն մեթոդների կիրառումը, որոնք նպաստում են միջանձնային շփումների զարգացմանը և խոչընդոտում անհատի մեկուսացմանը։

    Բնականաբար պետք է պատրաստ լինել, որ դերախաղը միշտ չէ, որ հարթ է անցնելու։ Հնարավոր է լինեն որոշակի դժվարություններ։  Օրինակ՝ սովորողները կարող են կաշկանդվել խաղի ժամանակ։ Այս դեպքում անհրաժեշտ է նրանց ազատել սխալվելու վախից։ Առաջադրանքին ընտելանալու համար սովորողներին որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Եթե դերախաղերը պարբերաբար կազմակերպվեն, սովորողները աստիճանաբար կգիտակցեն դրանց կարևորությունը։ Հնարավոր է, որ սկզբում նրանք թերահավատորեն մոտենան դրան։ Պետք է նրանց բացատրել դերախաղի կարևորությունը նաև ապագայում մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հարցում։

     Դերային խաղի գնահատումը իրականացվում է բոլոր այն չափանիշներին համապատասխան,որոնք սահմանված են բանավոր խոսքի համար։

                             Ընթերցանությունը՝ ֆրանսերենի հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

      Ընթերցանությունը խոսքի գործունեության անկախ տեսակ է,որն ապահովում է գրավոր հաղորդակցության ձև։ Հայտնի է, որ ընթերցանությունը տեղեկատվություն ստանալու հիմնական միջոցներից մեկն է։ Նրա դերը հատկապես մեծ է այսօր, քանի որ այն հնարավորություն է տալիս մարդուն բավարարել իր անձնական ճանաչողական կարիքները։ Ընթերցանության գործընթացն ինքնին ներառում է վերլուծություն, սինթեզ, ընդհանրացում, եզրակացություն, կանխատեսում։ Այն հղկում է ինտելեկտը և սրում զգայարանները։ Օտար լեզվով կարդալը որպես խոսքի գործունեության տեսակ և որպես հաղորդակցության անուղղակի ձև,ըստ շատ հետազոտողների ,մարդկանցից շատերի համար անհրաժեշտություն է։ Ընթերցանության գործընթացը հիմնված է տեխնիկական կողմի վրա,այսինքն հմտությունների վրա, որոնք լեզվական երևույթների տեսողական-խոսքային-լսողական կապերն են իրենց նշանակությամբ, որի հիման վրա կատարվում է գրավոր նշանների ճանաչում և հասկացում։ Կարդալը ակտիվ, կառուցողական և ինտերակտիվ մտավոր գործունեություն է։ Ընթերցանությունը հաղորդակցական և ճանաչողական գործունեության ամենակարևոր տեսակներից մեկն է։

     Այսօր խիստ է դրված օտար լեզուների իմացության պահանջի խնդիրը։ Այս խնդրի լուծման հետ կապված ծագում է նաև ուսուցանվող լեզուների դասավանդման որակը բարելավելու նպատակով օպտիմալ և համապատասխան մեթոդիկա մշակելու անհրաժեշտություն։ Այս համատեքստում ժամանակակից մեթոդիկայի գլխավոր ուղղություններից մեկը ընթերցանության ուսուցումն է որպես օտարալեզու(մասնավորապես ֆրանսերենի)հաղորդակցման և միջմշակութային իրազեկության հիմնական բաղադրիչ։ Չնայած մեդիակրթության սրընթաց զարգացմանը, ու նաև դրա շնորհիվ, ընթերցանությունը շարունակում է մնալ տեղեկատվության ձեռքբերման հուսալի աղբյուր։ Օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակներից մեկը պետք է լինի նաև ընթերցանության ուսուցումը։

    Ընթերցանությունը որպես լեզվական-հաղորդակցական իրազեկության կարևոր ճանաչողական բաղադրիչ ենթադրում է ոչ միայն գիտելիքների հանրագումար, այլ նաև գիտելիքները ինքնուրույն լրացնելու, ընդլայնելու, համապատասխան տեղեկատվությունը դուրս բերելու և տեքստի բովանդակության ստուգումն իրականացնելու կարողությունների ձևավորում։ Ընթերցանության ուսուցման մեթոդիկան և տեքստի բովանդակության ըմբռնման ստուգումը կարևորագույն բաղադրիչ են ինչպես հանրակրթական, այնպես էլ բովանդակ ուսուցման համագումարում։

    Օտար լեզվով ընթերցանության ուսուցման նպատակը «հասուն ընթերցանության» նվազագույն մակարդակ ապահովելն է, որը թույլ է տալիս սովորողներին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն անծանոթ տեքստ կարդալիս։ Օտար լեզվի դասավանդման ընթացքում տարբերակվում են հետևյալ տեսակները.

•  Թռուցիկ ընթերցանություն

•  Մանրակրկիտ ընթերցանություն

•  Որոնողական ընթերցանություն

•  Տեքստի ընդհանուր բովանդակությանը ծանոթանալու ընթերցանություն։

    Ընթերցանության ուսուցման նպատակի իրագործումը մասնակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, թե կոնկրետ դեպքում ընթերցանության որ տեսակներն են ուսուցման գործընթացում իրականացվում։

    Թռուցիկ ընթերցանության նպատակն ամենաընդհանուր գծերով բովանդակության մասին պատկերացում կազմել է, ինչի հիման վրա կարդացողը որոշում է, թե արդյոք իրեն պետք է, հետաքրքրում է տեքստում պարունակվող տեղեկատվությունը։ Դրա անհրաժեշտությունը որոշելու համար բավական է կարդալ վերնագրերը կամ ենթավերնագրերը, առանձին նախադասություններ։ Ըստ էության տեղի է ունենում ընտրովի ընթերցանություն։

    Թռուցիկ ընթերցանությունը զարգացնելու համար տրվում են հետևյալ առաջադրանքները.

•  Առանձնացնել ճիշտ և սխալ հաստատումները(vrai/faux)

•  Տեքստը ներկայացվում է անավարտ պարբերությունների տեսքով։ Սովորողները ընտրում են յուրաքանչյուր պարբերության շարունակությունը։

   Մանրակրկիտ ընթերցանությունը ենթադրում է բովանդակության ամբողջական ընկալում։ Մանրակրկիտ ընթերցանության համար տրվում են հետևյալ առաջադրանքները. Հետաքրքիր ձև է հարցումը կամ ինքնահարցումը, որի շնորհիվ սովորողները կարդալու ընթացքում փորձում են պատասխանել տեքստին վերաբերող հարցերին։ Բազմակողմանի հարցադրումներն օգտագործվում են և՛տեքստը հասկանալու կարողությունների ձևավորման և՛ ստուգման համար։

   Վերընթերցումը համարվում է կարևորագույն ռազմավարություններից մեկը, որի միջոցով սովորողները փորձում են հստակեցնել և լավ ըմբռնել տեքստում պարունակվող տեղեկությունը։ Ուսուցիչը պետք է սովորեցնի սովորողներին տեքստը կարդալ իմաստային հատվածներով՝ նպաստելով դժվարությունների հաղթահարմանը։ Վերընթերցումը կարելի է զուգակցել հետևյալ աշխատանքների հետ.

ա) տվյալ պարբերությունից գտնել այն նախադասությունը, որտեղ խոսվում է … մասին,

բ) տեքստը բաժանել իմաստային խմբերի,

գ) վերնագրել յուրաքանչյուր պարբերություն,

դ) ընդգծել յուրաքանչյուր պարբերության կարևոր նախադասությունը, միտքը,

ե) փորձել հակիրճ ներկայացնել տվյալ պարբերության իմաստը։

   Քանի որ ընթերցանության միջոցով հաղորդվում է ոչ միայն նոր տեղեկատվություն, այլև ներմուծվում է նոր բառապաշար, անհրաժեշտ է վերընթերցման ընթացքում իրականացնել նաև բառիմաստի  բացահայտման տարբեր ռազմավարություններ։

   Որոնողական ընթերցանության նպատակն է անծանոթ տեքստում գտնել կոնկրետ տեղեկատվություն, փաստեր և այլն։ Այս տիպի ընթերցանությունը ուղղված է տեքստում կոնկրետ տեղեկատվություն գտնելուն։ Այդ պատճառով էլ առաջադրանքը պետք է ճիշտ արտացոլի լուծման ենթակա խնդիրները։

   Այս դեպքում առաջարկվում է տեքստը կարդալ ոչ թե ամենայն մանրամասնությամբ, այլ աչքի անցկացնել և կողմնորոշվել՝ գտնելով անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այս դեպքում կարելի է առաջարկել հետևյալ առաջադրանքները.

•  Ուսուցիչը նախապես առաջարկում է թեմային վերաբերող որոշակի հարցեր, որոնց պատասխանն սովորողները պետք է գտնեն տեքստից։

•  «Նշումներ անելու» ռազմավարությունը նույնպես նպաստում է որոնողական ընթերցանության զարգացմանը։

    Ըստ ընթերցանության դասավանդման օտար լեզուների ծրագրի, ավագ դպրոցի սովորողը պետք է հասկանա պաշտոնական և մասնագիտական թեմաներով տարբեր ժանրերի պատկանող տեքստեր՝ ճանաչելով հեղինակի տեսակետը, անելով համապատասխան դատողություններ և եզրահանգումներ։ Ավանդաբար, օտար լեզուների ուսուցման մեթոդներում խոսում են լեզվական հմտությունների և խոսքի հմտությունների ձևավորման մասին։ Եթե խոսենք ընթերցանության մասին,ապա խոսքի հմտությունները այս դեպքում ներառում են տեքստից տեղեկատվություն հանելու տարբեր տեխնոլոգիաների տիրապետումը, դրանց համարժեք օգտագործումը կապված առաջադրանքից։ Այնուամենայնիվ կարդալու տեխնիկան այս բոլոր հմտությունների հիմքում է։ Եթե այն բավականաչափ չձևավորենք, չհասնենք այս հմտության ավտոմատացման, ապա բոլոր ընթերցման տեսակները կվտանգվեն։

    Ճիշտ ընթերցանությունը պահանջում է նպատակ։ Պետք է հասկանալ, թե որն է ընթերցանության իմաստը։ Մարդիկ տարբեր նպատակներով են կարդում,սակայն նպատակ միշտ պետք է լինի։ Ընթերցողը չի կարող հիշել ամեն բան, սակայն պետք է հիշել ամենակարևորը։ Արդյունավետ կարդալու համար ընթերցողը պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝

_Ո՞րն է այս տեքստն ընթերցելու նպատակը։

_Ի՞նչ կտա դա ինձ։

_Ինչպե՞ս եմ նախատեսում օգտագործել այն, ինչ կսովորեմ։

_Որքանո՞վ է ինձ համար կարևոր ընթերցածս։

Այս բոլոր հարցերը նպատակի մասին են։ Կարդացողի ուղեղը պետք է հստակ հասկանա նպատակը, այլապես այն շատ շուտ կանջատվի։

    Ուսուցիչը կարող է ստեղծել ընթերցանության նպատակը հետևյալ կերպ.

•  Կարդացեք, մինչև հասնեք այն հատվածին, որտեղ…

•  Կարդացեք, մինչև պարզեք, թե որտեղ է տեղի ունենում պատմությունը և այլն։

     10-րդ դասարանի դասագրքում ունենք Անրի Վերնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» ստեղծագործությունից մի հատված, որը ըստ թեմատիկ պլանավորման համընկնում է ապրիլի 24-ի հիշատակի օրվա հետ։ Դասարանում կարդում, թարգմանում ենք տեքստը։ Ունենք առանձին առաջադրանքների բաժին տեքստը ավելի լավ յուրացնելու համար։ Օրինակ՝ տեքստը բաժանում ենք հատվածների, վերնագրում ենք յուրաքանչյուր հատվածը, գտնում ենք բառեր և բառակապակցություններ, որոնք առնչվում են մարմնի լեզվին, գտնում ենք այն բառը, որը կրկնվում է վերջին նախադասության մեջ և տալիս ենք վերլուծական հիմնավորում։ Դասարանում բնօրինակով դիտում ենք ֆիլմի  երկու մասը։ Այնուհետև կազմակերպվում է խմբային քննարկում։ Վերլուծում ենք սյուժեն, հերոսներին, թե որքանով էր լեզուն հասկանալի և այլն։ Գրավոր բնութագրում ենք ֆիլմի գլխավոր հերոսին։ Պատրաստում ենք դերախաղ՝ ընտրելով ֆիլմից որևէ սիրելի հատված։ Ծանոթանում ենք հեղինակի՝ ֆրանսիահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրությանը, ֆիլմի ստեղծման պատմությանը, սաունդտրեկին, ներկայացնում ենք տարբեր հետաքրքիր փաստեր և այլն։

    Ինչևէ, այս կամ այն ընթերցանության տեսակի իրականացմամբ է պայմանավորված վարժությունների,  նաև ստուգման եղանակների ընտրությունը։ Ընդ որում պետք է հաշվի առնել հետևյալը. Քանի որ ընթերցանության տեսակները տարբերվում են ըստ գործունեության արդյունքի, այսինքն՝ ըստ տեքստի բովանդակության ընկալման աստիճանի, տեղեկատվության ըմբռնման և հիմնական իմաստի ընկալման աստիճանը հնարավոր է սահմանել համակցելով այն տեքստում պարունակվող ամբողջական տեղեկատվությանը։

                                         Եզրակացություն

    Այսպիսով, լեզվի բնական ուսուցումը կարող է տեղի ունենալ միայն այնպիսի միջավայրում, որտեղ յուրաքանչյուրը խոսում է սովորողի հետ այն լեզվով, որը նա սովորում է։ Մինչդեռ «Օտար լեզու» նշանակում է լեզու,որը սովորողն ուսումնասիրում է օտար լեզվի դասին իր սովորական օգտագործման տարածքից դուրս, և որը չի օգտագործվում մայրենի լեզվի հետ մրցակցության մեջ առօրյա հաղորդակցության ժամանակ։ Ուստի դասավանդողի գերխնդիրը  լեզուն ամենօրյա հաղորդակցության դաշտ բերելն է։ Դպրոցական միջավայրում սովորողը իսկապես մոտիվացված կլինի միայն այն դեպքում, եթե չունենա դպրոցում լինելու տպավորություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երկարամյա փորձը կարելի է կիրառել նաև հանրակրթական դպրոցներում։ Ցանկալի կլինի, որ օտար լեզվի ուսումնական պարապմունքները պարբերաբար անցկացվեն արտասահմանյան մասնագետների կողմից։ Լեզվի ուսուցումը կուտակային է և պետք է շարունակվի դասարանից դուրս, քանիզի հաղորդակցությունն է, որը թույլ է տալիս սովորողին սկսել և շարունակել սովորել։ Ակնհայտ է, որ հաղորդակցվելը և սովորելը սերտորեն կապված են միմյանց հետ, ուստի հանրակրթական դպրոցների աշակերտները ևս պետք է հնարավորություն ունենան իրենց հաղորդակցական կարողությունները զարգացնելու միջազգային ճամբարներում։ Ինչպես կրթահամալիրում է, հանրակրթական դպրոցներում ևս օտար լեզվի առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն պետք է տալ ուսումնական միջավայրին, որը թույլ կտա դասավանդումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ։ Տարբեր օտար լեզուների ակումբների ձևավորումը, կրթական փոխանակումները, ճամփորդություններով ուսուցումը պետք է դառնան ընդունված ձև նաև հանրակրթական դպրոցներում։

    Օտար լեզուն կկատարի իր հիմնական գործառույթը, եթե դուրս գա դպրոցի ու դասարանի պատերից այն կողմ և չսահմանափակվի շաբաթական մի քանի դասաժամով, իսկ դրա համար պետք է շարժվել ժամանակին համահունչ և ընդունել դարի մարտահրավերները։

                              Օգտագործված գրականության ցանկ

  1. https://blog.sanako.com/applying-communicative-language-teaching-approach      
  • «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներ
  • С. К. Фоломкина. Обучение чтению на иностранном языке. 2005
  • Պապոյան Ա.Ա. Ընթերցանության տարբեր տեսակների ուսուցման նպատակները և խնդիրները
  • Աստվածատրյան Մ.Գ. Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա

Автор:

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Оставьте комментарий